Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
06/4/2026
share

Թուրքական դատարանն արդարացրել է կինոռեժիսոր Ռոջհիլաթ Աքսոյին Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրման գործով

Դիարբեքիրի 22-րդ քրեական դատարանում ապրիլի 6-ին տեղի է ունեցել  կինոռեժիսոր Ռոջհիլաթ Աքսոյի դեմ գործով 2-րդ դատական ​​նիստը։ Նա հետապնդվում է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով՝ Իննա Սահակյանի Հայոց ցեղասպանությանը վերաբերող «Ավրորայի լուսաբացը» (2022) ֆիլմի ցուցադրության համար։

 

Ըստ Մեդիայի և իրավունքի ուսումնասիրությունների ասոցիացիայի (MLSA)՝ լսումներին, որոնք մեծ բազմության պատճառով սկսվել են մոտ կես ժամ ուշացումով, դատախազը ներկայացրել է իր վերջնական կարծիքը՝ խնդրելով պատժել Աքսոյին։ Հետագայում, մեղադրյալների անունից խոսելով՝ փաստաբան Ֆիրաթ Յըլդըզը հայտարարել է, որ նրանք համաձայն չեն կարծիքի հետ և խնդրել իր պաշտպանյալի արդարացումը։

 

Յըլդըզն ընդգծել է, որ նման դատավարությունները սահմանափակում են խոսքի ազատությունը և ճնշում գործադրում արվեստի վրա։ Յըլդըզը նշել է, որ իր պաշտպանյալը ֆիլմի ռեժիսորը չէ, ընդամենը մասնակցել է ցուցադրության կազմակերպմանը՝ հավելելով,որ եթե անգամ նա լիներ ռեժիսորը, այս ամենը պետք է դիտարկվեր խոսքի ազատության շրջանակներում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ունի նախադեպեր այս հարցի վերաբերյալ: Կան որոշումներ, որոնցով անհատներ և հաստատություններ, այդ թվում՝ Դիարբեքիրի փաստաբանական ասոցիացիան, որոնք հետապնդվել էին 1915 թվականի իրադարձությունների մասին տեղեկատվություն տարածելու համար, արդարացվել են»:

 

Ի վերջո  դատարանն արդարացրել է Ռոջհիլաթ Աքսոյին: Նշենք, որ Դիարբեքիրի գլխավոր դատախազությունը Մերձավոր Արևելքի կինոակադեմիայի ասոցիացիայի այն ժամանակվա փոխնախագահ Ռոջհիլաթ Աքսոյի դեմ դատական ​​հայց էր  ներկայացրել Թուրքիայի քրեական օրենսգրքի  301-րդ հոդվածի համաձայն՝ ֆիլմի ցուցադրության համար։ Մեղադրական կողմը, հղում անելով 2024 թվականի դեկտեմբերի 17-ին Սեզաի Քարաքոչ մշակութային կենտրոնում ցուցադրված ֆիլմում արված հայտարարություններին, պահանջել էր, որ ցուցադրության համար միջնորդություն ներկայացրած Աքսոյը պատժվի «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովին, Թուրքիայի Հանրապետության կառավարությանը և պետության դատական ​​մարմիններին հրապարակայնորեն վիրավորելու» համար։

facebook sharing button facebook