
Իսպանիայի հողմային էներգիայի արդյունաբերության ասոցիացիան (AEE) երկուշաբթի զգուշացրել է, որ էներգետիկ ընկերությունների շահույթի վրա առաջարկվող անսպասելի հարկը կարող է սահմանափակել վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումները հենց այն ժամանակ, երբ Եվրոպան ձգտում է կրճատել իր կախվածությունը բրածո վառելիքից,- գրում է Ռոյթերսը։
Քննադատությունը հնչել է այն բանից հետո, երբ ԵՄ 5 երկրներ, այդ թվում՝ Իսպանիան, առաջարկ են ներկայացրել Իրանի պատերազմի հետևանքով էներգիայի գների բարձրացման պատճառով ստացված ավելցուկային շահույթը հարկելու մասին։
Ռոյթերսը շաբաթ բացառիկ կերպով հաղորդել էր, որ Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի և Ավստրիայի ֆինանսների նախարարները, Եվրոպական հանձնաժողովին ուղղված նամակում, համատեղ կոչ են արել հարկ սահմանել ԵՄ-ի ողջ տարածքում՝ նշելով, որ այդ միջոցառումը կարող է օգնել ֆինանսավորել էներգիայի բարձր գներից տուժած սպառողների համար նախատեսված օգնությունը։

