
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները փորձել է գաղտնի զինել իրանցի ցուցարարներին քրդական միջնորդների միջոցով ընթացիկ պատերազմի մեկնարկից շաբաթներ առաջ, նույնիսկ այն ժամանակ, երբ Վաշինգտոնը բանակցություններ էր վարում Թեհրանի հետ:
«Մենք զենք ենք ուղարկել ցուցարարներին, շատ զենք»,– կիրակի ուշ երեկոյան Fox News-ը մեջբերել է Թրամփի խոսքերը՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահի կարծիքով՝ քրդերը զենքերը պահել են իրենց համար:
Այս մեկնաբանությունները հնչում են Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի ֆոնին, որը մեկնարկել էր փետրվարի 28-ին՝ կյանքի թանկացման դեմ բռնկված ցույցերից շաբաթներ անց: Բողոքի ցույցերը, որոնք վերջին տասնամյակների ամենախոշորներից էին, հրահրվել էին տնտեսական վիճակի վատթարացմամբ՝ ԱՄՆ-ի բազմամյա պատժամիջոցներից հետո:
Լրատվամիջոցները, ներառյալ Իսրայելի Channel 12-ը, հունվարյան ցույցերի ժամանակ նույնպես պնդում էին, որ ցուցարարները զինվում են «օտարերկրյա» դերակատարների կողմից:
Թրամփը նաև պնդել է, թե ցույցերի ժամանակ Իրանը «կոտորել է» շուրջ 45,000 խաղաղ բնակչի, հայտնում է Fox News-ը: Նրա պնդումները չեն հաջողվել հաստատել անկախ աղբյուրների կողմից:
Իրանի իշխանությունները հայտնում են, որ բողոքի ցույցերի շաբաթների ընթացքում սպանվել է 3,117 մարդ՝ մերժելով Միավորված ազգերի կազմակերպության և իրավապաշտպան խմբերի պնդումները, թե պետական ուժերն են պատասխանատու դրա համար: Իրանցի պաշտոնյաները հայտարարել են, որ հարյուրավոր ոստիկաններ են սպանվել, իսկ պետական գույքը վնասվել է ցուցարարների կողմից, որոնց նրանք անվանում են «խռովարարներ», «դիվերսանտներ» և «ահաբեկիչներ»: Այդ ժամանակից ի վեր երկիրը մահապատժի է ենթարկել մի քանի հոգու՝ օտարերկրյա թշնամիների թելադրանքով ցույցերին մասնակցելու մեղադրանքով:
ԱՄՆ-ում գործող «Մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալությունը» (HRANA) հունվարի վերջին հայտնել էր, որ հաստատել է 6,872 մահվան դեպք և հետաքննում է ավելի քան 11,000 լրացուցիչ դեպք, մինչդեռ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը ենթադրել է, որ զոհերի թիվը կարող է անցնել 20,000-ը․ Al Jazeera

