Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
02/4/2026
share

Մեկնարկել են ԲԸՏՄ ղեկավարին կից խորհրդակցական խմբի աշխատանքները

Այսօր տեղի է ունեցել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին կից ձևավորված խորհրդակցական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը։

Խումբը համախմբում է ոլորտում գործունեություն իրականացնող գիտական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և ոլորտի խնդիրներով մտահոգ քաղաքացիներին։

 Տեսչական մարմնի ղեկավար Հ.Մարտիրոսյանը ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել խմբի կազմում ընդգրկվելու պատրաստակամության համար։ Նա ընդգծել է, որ շրջակա միջավայրի պահպանությունն ու ընդերքի ողջամիտ օգտագործումը պահանջում է ինչպես խիստ վերահսկողություն, այնպես էլ բաց երկխոսություն քաղաքացիական հասարակության հետ՝ առկա մարտահրավերներին առավել արագ ու թափանցիկ լուծումներ տալու համար։

 Նիստի ընթացքում անդամներին է ներկայացվել Տեսչական մարմնի առաջիկա ծրագրերը, թվային տեխնոլոգիաների կիրառումը, թվայնացման գործընթացը, կանխարգելիչ միջոցառումները։

 Հատուկ անդրադարձ է կատարվել 2026 թվականին Հայաստանում կայանալիք COP17 համաժողովի շրջանակում Տեսչական մարմնի ստանձնած հանձնառություններին և վերահսկողական այն մեխանիզմներին, որոնք կապահովեն միջազգային բնապահպանական չափանիշների կիրառումը տեղական մակարդակում։

 Միաձայն հաստատվել է օրակարգում ընդգրկված խորհրդակցական խմբի աշխատակարգը, քննարկվել են ոլորտում առկա համակարգային լուծումներ պահանջող առաջնահերթությունները։

 Հ.Մարտիրոսյանը պատասխանել է բարձրացված հարցերին՝ վստահեցնելով, որ այս հարթակը ծառայելու է որպես մասնագիտական զտիչ, որտեղ հնչեցված առաջարկները նպաստելու են տեսչական գործընթացների բարելավմանը։

 Ամփոփելով հանդիպումը՝ Տեսչական մարմնի ղեկավարը նշել է. «Այս աշխատանքային խմբի գործունեությունը պետք է հիմնված լինի փոխադարձ վստահության և մասնագիտական անկողմնակալության վրա։ Մեր համատեղ ջանքերը՝ մասնագիտական ներուժն ու գործնական առաջարկները միտված կլինեն բացառապես հանրային շահի պաշտպանությանը և շրջակա միջավայրի անվտանգության ապահովմանը»․ ԲԸՏՄ

facebook sharing button facebook