
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը երրորդ երկրի վաճառելու որևէ օբյեկտիվ պատճառ չկա։
«Մեզ համար ակնհայտ է, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի կոնցեսիան երրորդ երկրի վաճառելու որևէ օբյեկտիվ պատճառ գոյություն չունի»,- ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետը։
Ավելի վաղ հայկական մամուլում էին լուրեր շրջանառվել այն մասին, թե քննարկումներ կան Ռուսաստանին կոնցեսիոն կառավարման տրված հայկական երկաթուղային ցանցի կառավարումը Ղազախստանին փոխանցելու շուրջ։ Ապրիլի 1-ին թեմային անդրադարձել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ այդ հարցով Ռուսաստանը ոչ Երևանի, ոչ Աստանայի հետ բանակցություններ չի վարում։

