
«Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի» նախագծի իրականացման համաձայնագրի ստորագրումը խախտել է Հարավային Կովկասի տարածաշրջանային հավասարակշռությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Խնդիրն այն է, որ այդ ստորագրություններն ավելի խորը գործընթացներ են առաջացրել։ Դրանք խախտել են տարածաշրջանային հավասարակշռությունը, որը գոյություն ուներ 1828 թվականից, երբ ստորագրվեց Թուրքմենչայի պայմանագիրը»,- ասել է նա։
Օվերչուկը նշում է, որ «այդ ժամանակ Էրիվանի և Նախիջևանի խանությունների հողերը զիջվեցին Ռուսական կայսրությանը, և սահմանը հաստատվեց աշխարհագրական սահմանի՝ Արաքս գետի երկայնքով։ Այդ ժամանակվանից ի վեր սա ընդհանուր առմամբ խաղաղ սահման է, որը երաշխավորված է երկու մեծ հարևանների միջև կնքված համաձայնագրերով» ։ Նա հայտարարել է, թե Ռուսաստանի մասնակցությունը փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբում թույլ էր տալիս հավասարակշռված քննարկել բոլոր ներկա երկրների շահերը՝ հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխանությունը, իրավասությունը, տարածքային ամբողջականությունը և տնտեսական շահերը։ «Ադրբեջանը կառուցողական էր տրամադրված, և Իրանի Իսլամական Հանրապետությունը, որն արդեն բանակցություններ էր վարում ԵՏՄ-ի հետ փոխադարձ շուկաների բացման վերաբերյալ, չէր զգում այն սպառնալիքները, որոնք ներկայացնում էր Արաքսի հյուսիսային ափ ամերիկյան հրավերը», – ասել է նա։
«Այժմ Հայաստանը հայտարարել է, որ այս նախագիծը կիրականացվի առանց Ռուսաստանի, Թուրքիան արդեն սկսել է միջոցներ ծախսել դեպի Նախիջևան երկաթուղու կառուցման վրա, և Մեղրիի հատվածի վերականգնման հեռանկարները դարձել են պակաս ակնհայտ։ Այս ամենը ճնշում է գործադրում Հայաստանի վրա», – նշել է Օվերչուկը ու ասել, թե «Ռուսաստանին երկաթուղու ապաշրջափակման բանակցություններին չներառելը մեծ սխալ էր»։ Նրա բնութագրմամբ՝ ԱՄՆ-ին անհրաժեշտ է միջանցք Հայաստանի միջով՝ Կենտրոնական Ասիայից կարևորագույն հանքանյութեր արտահանելու և Իրանը վերահսկելու համար։ «Վաշինգտոնի համար «Թրամփի երթուղին» միջազգային տրանսպորտային միջանցք է, որը ապահովում է Կենտրոնական Ասիայից կարևորագույն հանքանյութերի արտահանումը Միացյալ Նահանգներ, ինչպես նաև Իրանի հյուսիսային սահմանի վերահսկողությունը», – նշել է Օվերչուկը։
«Այս ճանապարհի հետ կապված են բազմաթիվ շահեր։ Բոլորն այն տարբեր անուններով են անվանում Բաքվի տեսանկյունից «Զանգեզուրի միջանցքը» կարևոր է երկրի երկու մասերի միջև կապը վերականգնելու, Թուրքիայի հետ ուղիղ կապ բացելու և Ադրբեջանը որպես եվրասիական տրանսպորտային և լոգիստիկ խաչմերուկ զարգացնելու համար», – ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։ Ըստ նրա՝«Թրամփի ուղու» երկարաժամկետ հեռանկարներն անորոշ են․ Factor

