
Մարդու իրավունքների տուն Երևանը հրապարակել է իր տարեկան զեկույցը՝ ներկայացնելով 2025 թ. Հայաստանում իրավապաշտպանների նկատմամբ արձանագրված խախտումներն ու սահմանափակումները։
Զեկույցն ընդգրկում է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ արձանագրված խախտումների և սահմանափակումների դեպքերը՝ 2025 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։ Այն հիմնված է Մարդու իրավունքների տուն Երևանի կողմից իրականացված համակարգված մշտադիտարկման արդյունքների, ինչպես նաև ոլորտային հասարակական կազմակերպություններից, միջազգային մարդու իրավունքների մեխանիզմներից և կազմակերպություններից ստացված ստուգված տվյալների, բաց աղբյուրների տեղեկատվության և մեդիա հրապարակումների վրա։
Մշտադիտարկումը կենտրոնանում է մարդու իրավունքների պաշտպանների անվտանգության, պաշտպանվածության և գործունեության միջավայրի վրա ազդող օրինաչափությունների, միտումների և հիմնական զարգացումների բացահայտման վրա։ Ուղղակի խախտումներից զատ, զեկույցը անդրադառնում է նաև ավելի լայն կառուցվածքային մարտահրավերներին, ներառյալ՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական ճնշումները, իրավապաշտպանների դեմ ուղղված ատելության խոսքի և ապատեղեկատվության աճող դրսևորումները, ինչպես նաև լրագրողների և մարդու իրավունքների պաշտպանների դեմ հանրային մասնակցության դեմ ռազմավարական դատական հայցերի (SLAPP) աճող կիրառումը։
Փաստագրելով առանձին դեպքեր և դրանք դիտարկելով ավելի լայն քաղաքական, իրավական և սոցիալական զարգացումների համատեքստում՝ զեկույցը նպատակ ունի ներկայացնել 2025 թվականին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի համապարփակ պատկերը, բարձրացնել առկա ռիսկերի վերաբերյալ իրազեկվածությունը և նպաստել փաստահեն շահապաշտպան գործունեությանը՝ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում։

