
Քաղաքական հնչեղություն ունեցող քրեական գործերի համատեքստում պարբերաբար հանրային քննարկումների կենտրոնում է հայտնվում մեղադրյալների առողջական վիճակը։
Թե՛ համացանցում, թե՛ առօրյա զրույցներում հաճախ կարելի է հանդիպել ատելությամբ լցված, խտրական ու պիտակավորող մեկնաբանություններ, որոնք պնդում են, թե առողջական խնդիրների մատնանշումը «պատասխանատվությունից խուսափելու միջոց է»։
Որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն՝ մեր դիրքորոշումը հիմնված է այն համոզմունքի վրա, որ առողջական վիճակը կամ հաշմանդամությունը չպետք է դառնան հանրային շահարկումների, թիրախավորման կամ խտրականության գործիք՝ անկախ անձի կարգավիճակից։
Հիշեցնում ենք.
Առողջական խնդիրները չեն ճանաչում քաղաքական պատկանելություն կամ սոցիալական դիրք։ Ոչ ոք, այդ թվում՝ հանրային և քաղաքական գործիչները, բացառություն չէ։
Առողջական բազմաթիվ խնդիրներ՝ սիրտ-անոթային հիվանդություններից մինչև հոգեկան առողջության հետ կապված վիճակներ, հաճախ չունեն արտաքին ակնհայտ դրսևորումներ։ Անձի «առողջ» համարվող արտաքինը չի կարող հիմք հանդիսանալ նրա առողջական վիճակը կասկածի տակ դնելու համար։
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի անձամբ կամ իր պաշտպանների միջոցով հայտնել իր առողջական վիճակի մասին մանրամասներ այն ժամանակ, երբ նպատակահարմար է համարում։
Անձի առողջական վիճակի և կալանքի անհամատեղելիության փաստի արձանագրումը բացառապես մասնագիտական և իրավական տիրույթում է։
Որպես հասարակություն, մեր առաքելությունն է հետևել, որ այդ գործընթացներն իրականացվեն թափանցիկ և համապատասխանեն մարդու իրավունքների միջազգային չափանիշներին, այլ ոչ թե դառնան քաղաքական շահարկումների առարկա։
Սոցիալական հարթակներում տիրող ագրեսիան և հիվանդության փաստի շուրջ հեգնանքն անթույլատրելի են։ Ցանկացած քաղաքակիրթ հասարակության հիմքում պետք է լինի հարգանքը մարդու իրավունքների և էթիկական նորմերի նկատմամբ՝ անկախ տվյալ անձի նկատմամբ ունեցած քաղաքական կամ անձնական վերաբերմունքից։
Քաղաքական դիրքորոշում ունենալու իրավունքը կախված չէ անձի առողջական վիճակից։ Փորձերը՝ օգտագործել անձի առողջական խնդիրը որպես հանրային կյանքից դուրս մղելու գործիք, մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում են։
«Բոլորը ձերբակալվելիս հիվանդանում են» ձևակերպումներից առաջին հերթին տուժում են այն խմբերը, ում կարիքները կարող են անտեսվել արդարադատության համակարգում նմանատիպ կարծրատիպերի ամրապնդման պատճառով։
Ցանկացած տեսակի բռնություն կամ դրա խրախուսումը դատապարտելի է և վտանգավոր հասարակության համար։ Ժողովրդավարական հասարակության հիմքը բազմակարծությունն է։ Մենք պարտավոր ենք հարգել միմյանց, նույնիսկ եթե դիմացինի քաղաքական հայացքները կամ գործունեությունը համարում ենք արմատապես հակասող մեր համոզմունքներին։
Հորդորում ենք բացառել վիրավորական արտահայտությունները և չնպաստել ատելության խորացմանը։ Նման վարքագիծը հատկապես դատապարտելի է քաղաքական հայտ ներկայացրած կամ պաշտոնատար անձանց, հատկապես առողջապահության ոլորտում ներգրավված պաշտոնատար անձանց դեպքում։
Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ մեր պատրաստակամությունն ենք հայտնում պաշտպանելու հաշմանդամություն ունեցող ցանկացած անձի իրավունքներ՝ անկախ քաղաքական հայացքներից, կուսակցական պատկանելությունից, նախկինում դատապարտված լինելու հանգամանքից, հասարակությունում նրա նկատմամբ համակրանքից կամ հակակրանքից և այլն։
Բոլոր մարդիկ արժանի են հարգանքի, և խոսքը բոլորիս մասին է։
«Հաշմանդամություն ունեցող անձանց օրակարգ» ՀԿ

