Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
23/8/2023
share

Դեբեդ գետի աղտոտիչները

Հայաստանի ամենաջրառատ գետը՝ Դեբեդը աղտոտման բազմաթիվ աղբյուրներ ունի, որոնք էական վտանգ են ներկայացնում գետի էկոհամակարգի և գետավազանի բնակավայրերի համար։ Դեբեդ գետի ջրերով են ոռոգվում Լոռու և Տավուշի մարզերի այգիներն ու ցանքատարածությունները։

 

Արդյունաբերություն

Դեբեդի աղտոտիչներից մեկն էլ արդյունաբերությունն է։ Հանքարդյունաբերական թափոններից, պոչամբարներից անձրևաջրերի միջոցով ծանր մետաղները և թունավոր նյութերը հուսում են դեպի գետ, աղտոտում ջուրը՝ պատճառելով էկոլոգիական վնաս Լոռու և Տավուշի մարզի ափամերձ տարածքներին։

Ճոճկանի բնակիչ, երկարամյա գյուղատնտես Սամվել Սիրադեղյանի 1,5 հա դեղձի այգին ոռոգելուց կարճ ժամանակ այց չորացավ։ Գյուղատնտեսը վնասի փոխհատուցման պահանջով մի քանի տարի է դատական տարբեր ատյաններում է։

 

 

«Դա մենք տեսնում ենք, գյուղացիները, դաշտում աշխատողները, որ իրենց դաշտերը ոռոգում են էդ ջրով պարբերաբար նկատում են, որ այգու ոռոգման ջուրը պղտոր մոխրագույն է, որը ազդում է բույսերի կենսագործունեության վրա։ Բույսն էլ է չէ՞ ջրով սնվում, պարզ է, որ թունավոր նյութերը արմատի կողմից չեն ընդունվում, չեն ներծծվում ու դա ազդում է բույսի կենսագործունեության վրա, ինչպես մարդիկ, բույսն էլ կենդանի օրգանիզմ է, իրեն էլ է առողջ միջավայր պետք, ո՛չ հիմնային, ո՛չ թթվային,-ասում է գյուղատնտես Սամվել Սիրադեղյանը, բացատրում՝ եթե ծանր մետաղներ են կուտակվում, բույսը թունավորվում է, եթե ջրի ներծծման պրոցեսը խախտվում է՝ բույսերի կյանքն էլ է խախտվում, ոնց որ մարդկանց մոտ, հիվանդություններ են առաջանում, իմունիտետն է թուլանում միջավայրի անբարենպաստ պայմանների պատճառով, շուտ հիվանդանում են ու մի քանի տարվա ընթացքում չորանում։ Բերքի որակի մասին էլ չեմ ասում։ Ծանր մետաղները կուտակվում են նաև պտուղների մեջ ու թունավորում։ Ու հետազոտություններով ապացուցաված է դա»։

2022 թվականի հուլիսի 27-ին ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը արձանագրել է արտահոսք Ախթալայի ԼՀԿ-ից, որի շրջանակներում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

 

Սակայն Սամվել Սիրադեղյանի խոսքով՝ դա արտահոսքի միակ դեպքը չէ, ավելի հաճախ դրանք տեղի են ունենում գիշերային ժամերին ու հանգստյան օրերին, որոնք սովորաբար չեն արձանագրվում իրավասու մարմինների կողմից։ Հետևաբար ընկերությունները նույնիսկ տույժ չեն վճարում աղտոտման համար։

«Ո՞նց է ստացվում, որ էդ վթարները միշտ գիշերային ժամերին են լինում, կամ գիշերը, կամ գետի վարարման ժամանակ, տարակուսում է բանախոսը,-դա միտումնավոր հենց այն ժամերին է լինում, որ տեսնողներ չլինեն»։

 

Կոյուղաջրեր, կենցաղային աղբ, պլաստիկ

 

 

Գետի աղտոտիչներից մեկն էլ կենցաղային աղբն է, որը շատ հաճախ գետավազանին մոտ ապրող մարդկանց անբարեխիղճ վարքի պատճառով հայտնվում է գետում, աղտոտում այն, ստեղծում հակասանիտարական վիճակ։

 

 

Դեբեդի ամենաագրեսիվ աղտոտիչներից է պլաստիկը, որն ինպես հայտնի է՝ նույնիսկ հարյուր տարում չի քայքայվում։ Այն նաև կենցաղային աղբի հետ միասին անսահմանափակ քանակով լցվում է գետ։

 

 

Դեբեդ գետ են լցվում նաև գետավազանի բնակավայրերի ամբողջ կոյուղաջրերը։ Մաքրման կայանները տասնյակ տարիներ ի վեր չեն գործում։

 

 

Զբոսավար, «Ակտիվ Ռաֆտինգ» ակումբի համահիմնադիր Գևորգ Ասլանյանը խոսքով՝ հաճախ են ամոթով մնում ռաֆթելու եկած զբոսաշրջիկների առաջ։ Ափամերձ հատվածներն ամբողջությամբ աղբով ու հատկապես պլաստիկով են պատված լինում։

Կարծում է՝ այստեղ արդեն մարդկանց գիտակցության վրա ազդելու անհրաժեշտություն կա, որպեսզի հասկանան, որ աղբը գետը չեն նետում․ «Բազմաթիվ անգամ նկատել եմ, որ համայնքի բնակիչները կենցաղային աղբը նետում են գետը։ Խնդրի ամենակարևոր լուծումներից կլինի բնակիչներին իրազեկելը, որ հասկանան, որ գետի աղտոտումը խնդիր է ոչ միայն գետի համար, այլ նաև ազդում է մարդկանց առողջության վրա։ Դրա համար անհրաժեշտ է նաև ավելի պատշաճ վերահսկվեն գետերը»,- նշում է զբոսավարը։

 

Վտանգված էկոհամակարգ

 

 

Գետի աղտոտվածությունը լուրջ վտանգ է ներկայացնում նաև տարածաշրջանի բնակչության առողջության համար, ովքեր գետի ջուրը օգտագործում են անասունների խմելու, ինչպես նաև ոռոգման նպատակով: Ընդ որում մարդիկ օգտագործում են նաև գետի ձուկը։

Սակայն պարբերական աղտոտվածության պատճառով վտանգվում է գետի էկոհամակարգը։

Օրինակ Դեբեդի վտակ Մադան գետակը, տեղացիների վկայությամբ, մինչև 1960-ների սկիզբը հանդիսանում էր ձկների ձվադրավայր։ Հանքի շահագործումից հետո ձկներ այստեղ այլևս չեն բնակվում և չեն ձվադրում։

 

 

Մասնագետներն ահազանգում են՝ գյուղատնտեսական հողերից սելավաջրերի միջոցով քիմիական նյութերը տեղափոխվում են գետ, ինչը հանգեցնում է սննդանյութերի անհավասարակշռության, ջրիմուռների ծաղկման և թթվածնի մակարդակի նվազման, այն իր հերթին սպառնալիք է ջրային կենդանատեսակների գոյատևման համար: Դեբեդ գետի աղտոտման հետևանքները տեսանելի են. ջրային կենսաբազմազանությունը զգալիորեն նվազել է, ընդ որում ձկների պոպուլյացիաները նկատելիորեն նվազել են՝ կապված աճելավայրերի ջրի աղտոտման հետ:

 

Լուծումներ

 

 

Դեբեդ գետի աղտոտվածության խնդրի լուծումը համապարփակ  մոտեցում է պահանջում, ինչը ենթադրում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցություն։ Ոլորտի փորձագետները մի շարք միջոցառումներ են մատնանշում․

Տեղական ինքնակառավարման մարմինների համար՝

  • Նշանակել վերահսկող անձանց
  • Կազմակերպել մաքրապատումներ
  • Կազմակերպել վարքագծային սեմինարներ տեղի բնակիչների համար
  • Կատարել մոնիտորինգ և հաշվետու լինել

 

Նշված կետերի վերաբերյալ «Քաղաքացու ձայնը» մեդիահարթակի հարցմանն ի պատասխան Ալավերդու համայնքապետարանից պատասխանել են, որ

  • Ալավերդի համայնքի տարեկան աշխատանքային պլանում ներառված չեն համայնքի բնակչության էկոկրթության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ։ Համապատասխանաբար նաև համայնքի բյուջեում այդ նպատակով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն:
  • ՏԱՊ-ում առանձնացված նշված չէ գետի հունի մաքրման աշխատանքների մասին: Սակայն յուրաքանչյուր տարի համայնքապետարանի և ԱԻՆ աշխատակիցների համատեղ ուժերով մաքրվում է Դեբեդ գետի՝ Սանահինի Քարե կամուրջի հարակից հունը։
  • Համայնքի տարածքում բնակիչների և տնտեսվարողնեի կողմից գետի աղտոտման դեպքում տույժ տուգանքներ սահմանվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 43.1 հոդվածի համաձայն:
  • Հարցման մեջ նշված դեպքերը բացահայտելու և բացառելու, վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և համապատասխան արձանագրություններ, ակտեր կազմելու, եզրակացություններ տալու, անձանց օրենքով նախատեսված դեպքերում և կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու և դրանց հետ անմիջականորեն կապված այլ հարաբերությունները կարգավորելու նպատակով Ալավերդի համայնքի ղեկավարի որոշմամբ ստեղծվել է ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի վարչատուգանային և հասարակական կարգի պահպանության հարցերի հանձնաժողով:

Հանձնաժողովի կազմած կոնկրետ տուգանքների դեպքերի վերաբերյալ պատասխանում ոչինչ նշված չէ։

Ավելի խիստ բնապահպանական կանոնակարգերի և մոնիտորինգի համակարգերի ներդրումը կարևոր է դեպի գետ արդյունաբերական արտահոսքերը վերահսկելու և նվազեցնելու համար: Այս առումով անելիք ունեն պետական մարմինները, նշում են փորձագետները։

Հանքարդյունաբերության թափոնների կառավարման և կեղտաջրերի մաքրման համար նորագույն տեխնոլոգիաների կիրառումը կարող են մեղմել հանքարդյունաբերական գործունեության բացասական ազդեցությունը գետի վրա:

 

Քաղաքացու ձայնը մեդիահարթակի լրագրող Կարեն Ազատյան

 

Հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Քաղաքացու ձայնը մեդիահարթակի cvmedia.am կայքը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

«Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագիրն իրականացվում է Դոյչե Վելլե Ակադեմիայի, «ԲիԲիՍի Մեդիա Էքշըն»-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Հետք/Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի և «Ֆակտոր ԹիՎի»-ի հետ համատեղ՝ Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման (BMZ) նախարարության ֆինանսավորմամբ։

facebook sharing button facebook