Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
16/3/2026
share

Հորմուզի նեղուցի շրջափակումը կարելի է դադարեցնել գործարքի միջոցով. Կալլաս

Եվրոպական միության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը առաջարկել է դադարեցնել Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը՝ օգտագործելով ուկրաինական «հացահատիկային գործարքի» օրինակով մշակված դիվանագիտական համաձայնագիրը։ Այս մասին երկուշաբթի՝ մարտի 16-ին, հայտնել է Reuters գործակալությունը։

Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը նախորդել էր ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովին, Կալասը նշել է, որ արդեն քննարկել է նման համաձայնագրի հնարավոր մոդելը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։ Ըստ նրա՝ Թեհրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը կօգներ վերականգնել նավթի և գազի փոխադրումը Հորմուզի նեղուցով, որն ունի առանցքային նշանակություն համաշխարհային էներգամատակարարման համար։

Կայա Կալասը հատուկ ընդգծել է, որ Իրանի կողմից նեղուցի շրջափակումը ոչ միայն սպառնում է վառելիքային ճգնաժամով, այլև կարող է հանգեցնել գյուղատնտեսական պարարտանյութերի պակասուրդի, ինչն էլ իր հերթին կառաջացնի պարենային դեֆիցիտ 2027 թվականին։

ԵՄ-ն դիտարկում է շրջափակման վերացման ռազմական տարբերակը

Ըստ Կալասի՝ մարտի 16-ին կայանալիք հանդիպմանը նախարարները կքննարկեն նաև շրջափակումը հաղթահարելու ռազմական ուղիները։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է Կարմիր ծովում Եվրամիության Aspides ռազմածովային առաքելության մանդատի ընդլայնմանը։ 2024 թվականի փետրվարից ԵՄ ռազմական նավերն ուղեկցում են եվրոպական առևտրային նավերը և օգնում հետ մղել հուսիթների հնարավոր հարձակումները։

Այնուամենայնիվ, Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը արդեն հայտարարել է, որ սկեպտիկ է Aspides-ի մանդատի ընդլայնման գաղափարի նկատմամբ։ Ըստ նրա՝ Կարմիր ծովում Եվրամիության առաքելությունը քիչ արդյունավետ է եղել, իսկ դրա տարածումը Հորմուզի նեղուցի վրա Եվրոպային պարզապես կներքաշի Իրանի հետ բացահայտ հակամարտության մեջ։

Իրավիճակը Հորմուզի նեղուցում

Փետրվարի 28-ի առավոտյան ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ հասցրին Իրանի տարածքին, ինչից հետո Թեհրանի իշխանությունները փաստացի փակեցին նավթի և գազի մատակարարման համար կենսական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը՝ հայտարարելով դրա նկատմամբ «լիակատար վերահսկողության» մասին։ Սա հանգեցրեց էներգակիրների գների աճի, ինչի պատճառով ԱՄՆ-ն ստիպված եղավ ժամանակավորապես մեղմացնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները։

Վաշինգտոնը Թեհրանին մեղադրում է նեղուցը ականապատելու մեջ, իսկ ԵՄ որոշ երկրներ, ըստ The Financial Times-ի, բանակցություններ են վարում Իրանի իշխանությունների հետ՝ իրենց նավերի անվտանգ անցման երաշխիքներ ստանալու համար։

 

Աղբյուր՝ DW

facebook sharing button facebook