Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
Թարմ լուրեր
27/1/2022
share

Լոռու մարզպետը կայցելի Թեղուտ` տեղում խնդիրներին ծանոթանալու

Լոռու մարզի Թեղուտ գյուղի բնակիչները 2022թ․ հունվարի 26-ին հանդիպեցին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ։ Հիշեցնենք, որ նախորդ օրը բնակիչները փակել էին «Թեղուտ» ՓԲԸ-ն անցակետի ճանապարհը՝ պահանջելով լուծել իրենց կողմից ներկայացված խնդիրները։ Այն է՝ դադարեցնել արտանետումները դեպի Թեղուտի գյուղատնտեսական հողեր և շրջակա միջավայր, Թեղուտի բնակչության համար ապահովել այլընտրանքային զարգացման նոր ուղղություններ և աշխատատեղեր, քանի դեռ Թեղուտի բնակչությունը զրկված է գյուղատնտեսական հողերից, և առայժմ ստեղծված չեն այլընտրանքային զարգացման հնարավորություններ, Թեղուտի գործազուրկ բնակչությանը ապահովել աշխատատեղերով։

Բողոքի ակցիայի մասնակիցները ճանապարհը բացեցին այն բանից հետո, երբ Ոստիկանության աշխատակիցները հայտնեցին, որ Լոռու մարզպետը պատրաստ է ընդունել և խոսել իրենց հետ։

Նշենք, որ Թեղուտի բնակիչները նախկինում ևս երկու անգամ հանդիպել են մարզպետի հետ, քննարկել աշխատատեղերի հարցը։ Այս հանդիպման ժամանակ ներկայացրին իրենց մտահոգությունները կապված հատկապես օդի, ջրի աղտոտման և սոցիալական հարցերի շուրջ։

Cvmedia-ի հետ զրույցում Մհեր Մելքոնյանը ներկայացրեց մարզպետի հետ հանդիպման մանրամասները․ «Մեր պահանջներին ի պատասխան մարզպետն ասաց, որ բոլոր խնդիրները լուծել հնարավոր չէ։ Բայց խոստացավ հաջորդ շաբաթ այցելել Թեղուտ։ Մենք ցանկանում ենք մեր մտահոգությունները քննարկել Լոռու մարզպետի, «Թեղուտ» ՓԲԸ-ի տնօրենի հետ միասին, շարունակելու ենք բարձրաձայնել այնքան, մինչև վերջնականապես լուծում չստանա»։ Հավելում է՝ հաջորդ շաբաթ, մարզպետի այցելությունից հետո պարզ կլինի իրենց հետագա անելիքները։

Cvmedia.am

30

facebook sharing button facebook