Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

CVmedia
Թարմ լուրեր
16/6/2022
share

Հանք չենք ուզում․ Մարցը միակամ Ո՛Չ ասաց հանքին (տեսանյութ)

Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի Մարց բնակավայրում երկրաբանական ուսումնասիրություններ սկսելու, հետագայում՝ ոսկի և բազմամետաղներ արդյունահանելու նպատակով  «ԵՄ ՋԻ ՓԻ ՌԵՍՈՒՐՍԻԶ» ՍՊԸ-ն հանրային լսում է նախաձեռնել։ Հունիսի 15-ին ընկերության ներկայացուցիչները գյուղ էին եկել, որպեսզի բնակիչներին պատմեն նոր աշխատատեղեր ստեղծելու, գյուղի զարգացման հեռանկարների մասին։ Սակայն հանքավայր ունենալու հեռանկարը Մոտկորի ենթախմբի գյուղերի՝ Մարցի, Քարինջի, Լորուտի բնակիչներին չոգևորեց։ Հանրային լսման եկած բնակիչները չցանկացան ոչինչ լսել։ Փոխարենը ոգևորությամբ լսեցին իրենց համերկրացու, գրող, հրապարակախոս Հրանտ Մաթևոսյանի որդու՝ Դավիթ Մաթևոսյանի խոսքը։
Դավիթ Մաթևոսյանը նշում է, որ գյուղերը տարիներ շարունակ անտեսված են եղել, զարգացման ոչ մի ծրագիր ոչ մի կառավարություն չի իրականացրել։ Այն դեպքում, երբ «Մոտկոր` հատուկ գոտի» ստեղծելու հայեցակարգ է ներկայացված եղել կառավարությանը, որն այդպես էլ կյանքի չի կոչվել։ Հիմա «Հրանտ Մաթևոսյան» մշակութային հիմնադրամը տարբեր գործընկներների հետ ձեռնամուխ է եղել այդ ծրագրի իրականացմանը։ Առաջիկայում նախատեսում են հանրային լսումներ անել ու քննարկել այս գյուղերի զարգացմանը միտված տարբեր ծրագրեր։
Դավիթ Մաթևոսյանի ելույթից հետո մարցեցիները միակամ լքեցին դահլիճը։ Ասում են՝ թույլ չեն տա, որ իրենց գյուղը ավիրեն։ Մեկ անգամ արդեն խաբվել են, ՀԷԿ-ի կառուցման ժամանակ, երկրորդ անգամ թույլ չեն տա։
Զբոսաշրջային ոլորտում ներդրում է ուզում անել «Խարույկ» արշավական ակումբի տնօրեն  Գեղամ Օհանյանը, ով այստեղ հողատարածք է գնել ու պատրաստվում է մանկապատանեկան ու նաև մեծահասակների համար նախատեսված վրանային ճամբար կառուցել։
Հանքարդյունաբերության անդառնալի վնասների մասին բնակիչներին պատմում է Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը։ Իր հետ բերել ու մատնացույց է անում խորհրդային տարիների մի գաղտնի փաստաթուղթ, որտեղ նշված է նաև ամենավտանգավոր ու ծանր մետաղի՝ ուրանի առկայության մասին։
Բնակիչների տրամադրվածությունն ու համախմբվածությունը հաճելիորեն զարմացրել է վարչական ղեկավարին, ասում է զրուցել էր բնակիչերի հետ, գիտեր նրանց դիրքորոշումը, բայց որ այսպես  միակամ կլինեին, չէր սպասում։
Հանդիպելով բնակիչների համառ դիմադրությանը ընկերության ներկայացուցիչները հեռացան գյուղից, խոստանալով այլևս չվերադառնալ։ Իսկ գյուղի վարչական ղեկավարի նստավայրում կազմվեց արձանագրություն այն մասին, որ հանրային լսումը չկայացավ, քանի որ բնակիչները դեմ են Մոտկորի ձորում հանքարդյունաբերությանը։  

cvmedia.am

facebook sharing button facebook