
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2021 թվականի տվյալներով Հայաստանի խոշորագույն հարկատուն է՝ վճարած 48․8 մլրդ դրամ հարկերով։ «Փաստերի ստուգման հարթակի» նկարահանող խումբն այս տարվա ապրիլին եղել է Քաջարան քաղաքում, նկարահանել է, թե ինչպես է անմիջապես քաղաքին կպած հանքում պայթեցում իրականացվում, ինչպես է պայթեցումից հետո քաղաքը ծածկվում փոշու ամպով, ինչպես է քաղաքը սնուցող Ողջի գետը ցամաքում Կոմբինատի ջրառից հետո:
Քաջարան քաղաքում փոշու մոնիթորինգ չի իրականացվում, իրականացվում է միայն ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի մոնիթորինգ, FIP.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։ Նախարարության պատասխանում նշվում է, որ 2020 և 2021 թվականներին ծծմբի և ազոտի երկօքսիդի միջին տարեկան կոնցենտրացիաները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի չափը։
«Փաստերի ստուգման հարթակի» նկարահանող խումբը հանքավայրում պայթեցումներն արձանագրել է այս տարվա ապրիլի 19-ին։ Պայթեցումից րոպեներ անց քաղաքն ամբողջությամբ ծածկվում է փոշու ամպով, քանի որ Կոմբինատը գտնվում է անմիջապես քաղաքի վարչական սահմաններում, իսկ բանուկ բնակելի գոտուց մինչև բուն պայթյունի վայրը բաժանում է ամենաշատը 1-2 կիլոմետր։