Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

CVmedia
Թարմ լուրեր
09/6/2022
share

«Ընդերքի մասին օրենսգիրք. կստորագրի՞ նախագահը աղմկահարույց նախագիծը» թեմայով քննարկում

«Ընդերքի մասին օրենսգիրք. կստորագրի՞ նախագահը աղմկահարույց նախագիծը» թեմայով քննարկում տեղի ունեցավ Մեդիա կենտրոնում։
Բանախոսներ՝ «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանն ու Էկոլուր տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրին այն վտանգները, որոնք տեսնում են Ընդերքի մասին օրենքի նախագծում։ Քննարկմանը մասնակցելու հրավեր էր ուղարկվել նաև ՀՀ նախագահի աշխատակազմ և նախագծի հեղինակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որոնք սակայն հրավերը չէին ընդունել։
Հայաստանի քաղաքացիական հասարակությունը Ընդերքի մասին օրենսգրքի փոփոխությունների խնդրով դիմել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, օրենքի նախագիծը որակելով հակասահմանադրական և առաջարկելով նախագծի վերաբերյալ կազմակերպել քննարկում ներգրավելով նաև մասնագիտական ու իրավական գիտելիքներ ունեցող անկախ փորձագետների: Նշենք, որ օրինագծին ԱԺ-ը առաջին ընթեցմամբ հավանություն է տվել և այն ներկայացվել է երկրորդ ընթերցման։
Քաղհասարակության ներկայացուցիչները նախագծի ամենախնդրահարույց կետը համարում են այն լրացումը, ըստ որի ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը կարող է երկարաձգվել անհաղթահարելի ուժի հիմքով։ Որպես անհաղթահարելի ուժ նշված են այն գործողությունները, որոնց հետևանքով հնարավոր չի եղել հանքավայրում ընդերքօգտագործման աշխատանքներ իրականացնել՝ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ, բողոքի ցույցեր։
 «ՏԿԵՆ նախարարությունը հանձն առավ պարզաբանումներ մտցնել, սակայն միայն մեկ փոփոխություն արվեց, այն է, թե ինչ ի նկատի ունեն քաղաքացիական անհնազանդություն ասելով։ Ինչն ավելի վատ է, բացատրությունը հետևյալն է, որ քաղաքացիական անհանզանդությունը դա այն խաղաղ ակցիաներն են, որոնցով ՀՀ քաղաքացիները իրենց բողոքն են արտահայտում պետության այս կամ այն քաղաքականության դեմ։ Քաղհասարակության ակնկալիքն այն էր, որ մինչև երկրորդ ընթերցումը քննարկումներ կազմակերպվեր, որով կհասնեին մի կոնսենսուսի, բայց դա չարվեց»,-ասում է Օլեգ Դուլգարյանը։ Վիկտորյա Բուռնազյանը հավելում է՝ «Մեզ համար խիստ կարևոր է, որ մեր կառավարությունը նման որոշումներ ընդունելիս, երբ խոսքը վերաբերվում է բողոքի ակցիաներին, մարդու իրավունքներին, մինչև նման օրինագծերը Կառավարություն և ԱԺ բերելը լայն հասարակության հետ քննարկեն։ Բայց մենք տեսնում ենք, որ բերվել է մի օրինագիծ, որը չի բխում բնակչության շահերից»։ Վիկտորյա Բուռնազյանը մյուս կարևոր խնդիրը համարում է օրինագծի այն դրույթը, ըստ որի ՇՄԱԳ նոր փորձաքննության նախագիծը չի ենթարկվելու։ «Եթե 4 տարի ընկերությունը չի աշխատել, այդ ընթացքում տվյալ տարածքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների, կամ կլիմայի փոփոխության  հետևանքով այն գետից, որից ջուր են վերցնելու, այդ գետը ցամաքել է և այլ ջրաղբյուր պիտի գտնվի, կամ սողանքային երևույթներ են ի հայտ եկել, կամ հայտնաբերվել է նոր բուսատեսակ, այլ էլոլոգիական գործոն, ինչպե՞ս կարող են առանց Շրջակա միջավայրի վրա ազդեության գնահատման նոր փորձաքննության շարունակել տվյալ գործունեությունը։ Հենց այս գործոններն են ենթադրել տալիս, որ նախագիծը գրվել է Ամուլսարը շահագործելու համար։ Մենք չպետք է մեր բնակիչներին դիտենք միայն որպես հարկ վճարող և պատերազմի ժամանակ դիտենք որպես զինվոր, որ պետք է գնա սահմանը պահի։ Եթե մարդը ապրում է այդ տարածքում և ունի հստակ պատկերացում, թե ինքը ինչ միջավայրում է ուզում ապրել ու զարգացման ինչ ուղի է ընտրել, մենք  պետք է հաշվի առնենք դա։ Պետոթյունը պարտավոր է հաշվի առնել իր քաղաքացու շահը»։
Բանախոսը օրինակ է բերում այն, որ հաճախ է պատահում, որ ընդերքօգտագործողը մի քանի տարի աշխատելուց հետո դադարեցնում է գործունեությունը, պաշարները վերջանալու կամ այլ պատճառներով։ Արդյունքում շրջակա միջավայրն աղտոտվում է, մարդիկ էլ մնում են առանց աշխատանքի։ Սակայն մարդիկ սոցիալական պայմաններից ելնելով ուզում են, որ աշխատի։ Կան համայնքներ, որտեղ կտրականապես դեմ են հանքարդյունաբերությանը։ «Այդ ամենը պետք է լինի բալանսավորված։ Մենք պետք է ունենանք հստակ ռազմավարություն ոչ միայն հանքարդյունաբերության, այլև ամբողջ երկրի զարգացման համար, որ իմանանք որ տարածքում ինչ պետք է զարգացնենք։ Այսօր տեսնում ենք, որ մի տարածքում ընդերքօգտագործման թույլտվություն է տրվում ոսկի որոնելու, մյուս նախարարությունը այդ  նույն տարածքում անտառ տնկելու թույլտվություն է տալիս»,-ասում է Վիկտորյա Բուռնազյանը։
Օլեգ Դուլգարյանը նշում է, որ այս օրենսդրական փոփոխության նպատակն այն է, որպեսզի թուլացնեն համայնքների հնարավորությունները։ «Պարզ ասվում է՝ ստեղծել ներդրողների համար բարենպաստ միջավայր, այսինքն եթե այդ տրամաբանությամբ գանք, ապա ներդրողների համար բարենպաստ միջավայր ստեղծվում է լրիվ այլ գործընթացներով, սոցիալական պատասխանատվության միջոցով, եղած հանքարադյունաբերության խնդիրները լուծելով, երբ որ հասարակությունը վստահում է տվյալ ոլորտին։ Այս օրենսդրությունը մշակվում է միայն ու միայն հանքարդյունաբերողի շահերից ելնելով, անտեսելով բնակիչների շահերը»։
Բանախոսները նշում են, որ եթե անգամ օրինագիծն ընդունվի, այն միևնույնն է, չի գործելու։
«Երբ որ մարդը տեսի, որ իր հողն ու ջուրը աղտոտվում է, իր երեխան հիվանդանում է, կամ տեսնի որ չի կարողանալու իր տարածքում ապրել, ոտքի է կանգնելու և պաշտպանի իր իրավունքները, անկախ նրանից, թե ինչ է գրված օրենքում»։
 «Սոցիալական լարվածության դեպքերն են շատանալու։ Վստահ եմ, որ օրենքը չի գործելու։ Մեր հասարակությունը բավականաչափ զարգացած է, ինչ մեխանիզմներ ուզում ես ստեղծի, հասարակությունը, մեկ է, պայքարելու է դրա դեմ»։
Եթե մենք վկայակոչում ենք նախագահին որպես Սահմանադրության երաշխավոր, ուրեմն ակնկալում են, որ չի ստորագրի, ասում է Օլեգ Դուլգարյանը։

cvmedia.am

facebook sharing button facebook