Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

CVmedia
Թարմ լուրեր
13/5/2022
share

Գորիսի զարգացումը՝ ՏԻՄ-բիզնես-ՀԿ սեկտոր-բնակիչներ շղթայի համագործակցությամբ (էկոԼուր)

Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի զարգացման առաջին նախադրյալներից է տեղական ինքնակառավարման մարմնի, հասարակական կազմակերպությունների, բիզնես-ընկերությունների ու տեղի բնակիչների փոխհամագործակցությունը: Այս կարծիքին է «Նոր Հորիզոններ» ՀԿ-ի նախագահ Արթուր Վարդազարյանը: «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված հանդիպման ժամանակ Արթուր Վարդազարյանը նշեց, թե ինչպես կարող է անդրադառնալ այդ համագործակցությունը համայնքի զարգացման վրա: «Առանց համայնքի անդամների և ՏԻՄ-ի, քաղհասարակության հետ համագործակցության դժվար է պատկերացնել որևէ առաջընթաց։ Համայնքը, բիզնեսը, ՏԻՄ-ն ու Կառավարությունը, պետական կառավարման մարմինները պետք է գործեն շղթայված, որպեսզի տեսնենք առաջընթացը։ Շատ կարևոր է համայնքի անդամների իրազեկվածությունը։ Մեզ համար կարևոր է այս բոլոր կողմերի մասնակցությունը, նաև բիզնեսի մասնակցությունը՝ ներդրումների, պատասխանատվության և մնացած բոլոր առումներով»,- նշեց նա։
Այս տեսանկյունից Գորիսի համայնքապետարանի Ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Նարեկ Մնացականյանն առաջարկեց համայնքում գործունեություն ծավալող ընկերությունների շահաբաժնից մասհանումների կատարում: «Ընկերությունները որոշակի սոցիալական պարտավորություններ ունեն, ուղղակի անգամ ծիծաղելի չեն դրանք... Ովքեր համայնքի ռեսուրսներն օգտագործում են՝ թող իրենց շահաբաժնից ինչ-որ մասնաբաժին վճարեն Գորիս համայնքի բյուջեին: Օրենսդրորեն ամրագրվի դա»,- նշեց նա: Նարեկ Մնացականայանը կարծում է, որ սուբվենցիոն ծրագրերում մյուս կողմից էլ պետք է համայնքի մասնաբաժինը նվազեցվի, իսկ պետությանը՝ բարձրացվի: «Ավելի շատ ծրագրեր կկարողանանք անել: Եթե պետության համար կան առաջնահերթություններ ըստ ոլորտային ծրագրերի, բնապահպանական ծրագրի մեջ պետության մասնաբաժինը ավելացնելու դեպքում մենք կնախընտրենք այդ ծրագրերն անել: Բնապահպանական ծրագրերում պետության մասնաբաժինը թող 90% լինի»,- նշեց նա:
Գորիս համայնքի բնակիչ Սյուզի Գրիգորյանն էլ «ԷկոԼուրի» հետ զրույցում կարևորեց համայնքային խնդիրների լուծման գործում երիտասարդներին ներգրավելը: «Կարծում եմ՝ նախևառաջ անհրաժեշտ է ստեղծել ակտիվ երիտասարդական խմբեր, ինչպես նաև ներգրավել ՏԻՄ ներկայացուցիչներին, այդ դեպքում կհասնենք որոշակի հաջողության, որոշակի առաջխաղացումներ կունենանք», - ասաց նա:
Գորիսի համայնքապետարանի հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ Արմինե Հովակիմյանը նշեց, որ Գորիս համայնքի զարգացման խոչընդոտը հանդիսացավ նաև 44-օրյա պատերազմը, որը առաջին պլան բերեց համայնքի անվտանգային հարցերը: «2018 թվականին համայնքը ճանաչվեց «Լավագույն բարեկարգ համայնք», 2019թ.՝ լավագույն համայնք: Մենք ունեցանք մեծ ձեռքբերումներ համայնքապետարանի թիմի շնորհիվ: Մեր համայնքի զարգացման համար հստակ տեսլական ունենք լուրջ բարեփոխումներ իրականացնելու առումով, պատահական չէր Կառավարության այդ գնահատականը, սակայն պատերազմը խաթարեց մեր բնականոն աշխատանքը... Մեր համայնքի տեսլականն էր տուրիզմի զարգացումը: Բնական, պատմական հրաշալի տարածքներ ունենք, պատմական հին գոտիներ, հուշարձաններ: Համավարակն ու պատերազմը շատ լուրջ ազդեցություն ունեցան զբոսաշրջության վրա: Զբոսաշրջիկների թվերի մեծ անկում կա: Զբոսաշրջության զարգացման հետ մեծ թափով զարգանում էր հյուրանոցային տնտեսությունը, շինարարությունը, սակայն անվտանգության առումով շատ բան է փոխվել։ Փորձում ենք վերականգնել պատերազմի հետևանքով այս բացթողումները»,- նշեց նա: 

Անդրադառանալով Ծրագրի արդյունքում համայնքում սոցիալ-էկոլոգիական քաղաքականություն ներդնելու հնարավորությանը՝ Արմինե Հովակիմյանը նկատեց, որ դժվար է միայն համայնքի բյուջեով ծրագրերն իրականացնելը կամ որոշակի քաղաքականության մեխանիզմ մշակելը. «Համայնքապետարանը գուցե չի տիրապետում այդ ամենին: Կարևոր է ունենալ նման մշակված քաղաքականություն, որպեսզի կարողնանք մեր գործառույթներն ավելի որակյալ իրականացնել»,- ընդգծեց նա:   

Գորիսի բնակիչ Հայարփի Ավանեսյանը մատնանշեց, որ համայնքի զարգացման մյուս խոչընդոտը մարդկային ռեսուրսների արտահոսքն է: «Մենք ունենք մարդկային ռեսուրսների կարիք, քանի որ «ուղեղների արտահոսք» է լինում այստեղից: Շատ երիտասարդ կադրեր ուսման նպատակով մեկնում են Երևան և այլևս չեն վերադառնում։ Կադրերի պակաս ունենք: Ցանկանում ենք տարբեր մասնագիտությունների դասավանդողներ գտնել, բայց մասնագետներ չկան»,- ասաց նա: Հայարփի Ավանեսյանը վստահ է, որ համայնքում դրական տեղաշարժեր կլինեն միայն այն ժամանակ, երբ յուրաքանչյուր բնակիչ գիտակցի, որ իր աշխատանքից ու գործունեությունից է կախված համայնքի զարգացումը: «Անհրաժեշտ է բոլոր ուժերի համատեղ աշխատանք, բոլոր մարդիկ պետք է ներդրում ունենան և զարգացնեն այս քաղաքը, ջանք ու եռանդ ներդնեն խնդիրների լուծման համար: Տարբեր ոլորտներ ներկայացնող մադրիկ՝ կարող են լինել ՏՏ սեկտորից, ՀԿ-ներից և ՏԻՄ-ից, բոլորը պիտի մեկտեղեն իրենց ուժերը: Միմյանց հանդեպ սկսենք վստահությամբ վերաբերվել, գուցե այս դեպքում համագործակցությունն ավելի հարթ ու սերտ կլինի: Երբ համայնքի զարգացման ծրագիրը կազմելիս բոլորը ներքաշված լինեն, հարցը լուծված կլինի: Եթե քաղաքականության ամեն մի կետը բոլորի մասնակցությամբ մշակվվի ու գրվի, այդ դեպքում կունենանք զարգացում»,- նշեց նա:
Ծրագիրն իրականացվում է Սոցիալ-էկոլոգիական կոնսորցիումի կողմից՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ: 

«Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության (Սոցիես), Բուն TV հիմնադրամի (Բուն TV), «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության (ԴԵՀԿ) և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության (Սոսե) համատեղությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ: 

Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:
Աղբյուր՝ ԷկոԼուր

facebook sharing button facebook