
ՀՀ Կոտայք մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում 2022 թ․ մայիսի 24-ին տեղի կունենա հանրային լսում, որը նախաձեռնել է «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ն։ Այս մասին հայտարարություն է տեղադրվել ՀՀ ՇՄ նախարարության կայքում, որում ասվում է․ ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2022թ. մայիսի 24-ին, ժամը 15:00-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կիրականացվի «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում»։
Մեղրաձորի ոսկու հանքավայրը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում, Մարմարիկ գետի միջին ավազանում, արդյունաբերական պաշարները հիմնականում գետի ձախ ափին են։
Հանքավայրի շահագործման պատճառով շրջակա միջավայրի աղտոտման մասին խոսվել է բազմիցս՝ բնապահպանների և փորձագետների կողմից։ Մարմարիկ գետն ունի 5-րդ դասի աղտոտվածություն։ Մթնոլորտի մաքրությունը ևս մասնագետները մտահոգիչ են համարում։ Ընդհանուր հաշվարկներով տարեկան մթնոլորտ է արտանետվում 5 տոննա վնասակար նյութեր, որից 1.33 տոննան պայթեցման ժամանակ, 3.246 տոննան՝ շահագործման ժամանակ: Հանքավայրի տարածքում գրանցվել են նաև անօրինական ոսկի որոնողների մահվան դեպքեր։
Հանքավայրը շահագործվում է «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի կողմից։ Ընկերությունը ցանկանում է հանքի շահագործումը երկարաձգել հանքարդյունահանման թույլտվության ժամկետը, որը լրանում է 2023 թ. սեպտեմբերին:
cvmedia.am