Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

CVmedia
Թարմ լուրեր
10/5/2022
share

Վահագնի գյուղի զարգացման ներուժը

Փամբակ գետի ստորին հովտում, Վանաձոր-Ալավերդի մայրուղու ձախ կողմում է գտնվում Վահագնի գյուղը, որն առանձնանում է իր գեղատեսիլ բնությամբ։
Դեռևս 2021թ․-ի գարնանը Վահագնիում և հարակից 4 hամայնքներում՝ Մարգահովիտում, Վահագնաձորում, Դեբեդում և Եղեգնուտում, նախնական հանրային լսումներ էին նախատեսված Հանքաձորի նոր պղնձի և ոսկու հանքավայրի ուսումնասիրություններ սկսելու նպատակով: Սակայն բնակիչները դեմ արտահայտվեցին։ Վահագնիի վարչական ղեկավար Սուրեն Վարդումյանն ասում է, որ իրենց գյուղի համար որպես հեռանկարային ուղղություն տեսնում են զբոսաշրջությունն ու գյուղատնտեսությունը։  Այդ նպատակով արդեն իսկ գործուն քայլեր են արվել։ Տարբեր ծրագրերով ձեռք են բերել գյուղատնտեսական տեխնիկա՝ հացահատիկային կոմբայն, տրակտոր, շարքացան։ Ավանդական մշակաբույսերից բացի ցանկանում են նաև ոչ ավանդական մշակաբույսեր աճեցեցնել, զբաղվել էկոլոգիապես մաքուր գյուղմթերքի արտադրությամբ։ Հույս ունեն, որ Վահագնին կդառնա հզոր գյուղատնտեսական բնակավայր։ «Քանի որ գյուղի հարակից տարածքներում չկան հանքավայրեր, դա բավականին լուրջ խթան կարող է հանդիսանալ էկոլոգիապես մաքուր գյուղմթերք արտադրելու համար»,-ասում է Վահագնիի վարչական ղեկավար Սուրեն Վարդումյանը։ Սակայն Վահագնիում խնդիր է ոռոգման ջրի հարցը, որը տարիներ շարունակ չի լուծվում։
Վահագնիի բնակիչ Էդգար Մայիլյանի խոսքով՝ բնակավայրն ունի նաև զբոսաշրջության զարգացման բոլոր նախադրյալները։ «Քանի որ գյուղում օդը մաքուր է, աղտոտվածություն չկա, հարուստ է պատմամշակութային կոթողներով, նաև անտառին մոտ է, արշավային ուղիներով կարող են գնալ Դենդրոպարկ»,-ասում է Էդգարը։ Ով գյուղի ակտիվ երիտասարդների հետ համատեղ հիմնել է «Հանի» երիտասարդական կենտրոնը։ «Վերջերս համագործակցությամբ հանդես եկանք «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի հետ և իրականացրինք հարցումներ երիտասարդական խմբի հետ, թե ի՞նչ խնդիրներ կան Վահագնիում։ Փորձեցինք հասկանալ ինչ լուծման ուղիներ կարելի է գտնել և այդ խնդիրների փաթեթը ներկայացրել ենք ավագանու նիստին»։
Հանրային իրազեկման աշխատանքներից բացի երիտասարդները նաև դրամաշնորհային ծրագրեր են իրականացնում, դրանով իսկ փորձելով որոշակի դրամական հոսքեր ապահովել համայնքում։ Այժմ էլ պատրաստվում են սոցիալական ձեռնարկատիրություն ստեղծել և բնական հումքով մաստակ և սառնաշաքար արտադրել։

 

cvmedia.am

facebook sharing button facebook