Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
Թարմ լուրեր
10/5/2022
share

Ջրի խնդիրը Սյունիքի մարզի Քարահունջ, Խնձորեսկ ու Վերիշեն գյուղերում (Էկոլուր)

ՀՀ Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Քարահունջ, Խնձորեսկ և Վերիշեն գյուղերի զարգացման խոչընդոտներից է ջրի խնդիրը: Ոռոգման ջուրը հողին չի հասնում, խմելու ջուրն էլ խմելու համար անպիտան է: «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում այս և այլ խնդիրներն ԷկոԼուրին ներկայացրեցին տեղի բնակիչները:

Քարահունջ

Սահմանամերձ Քարահունջում ոռոգման երկու աղբյուր ունեն՝ Վարարակն գետի ջուրը և Շռան ջրվեժի ջուրը: Նրանք, ովքեր ջրվեժի ջրից են օգտվում, խնդիր չունեն: Իսկ գետի ջրի հույսին մնացած գյուղացիներին ջուրը տրվում է ընդամենը մի քանի ժամով, այն էլ՝ շատ հաճախ կեղտոտ: Գետից ջրառ է իրականացնում նաև «Քարահունջ» ՓՀԷԿ-ը:

Գորիսի համայնքապետարանի հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի առաջատար մասնագետ Արուս Հայրապետյանը նշեց, որ ՓՀԷԿ-ի աշխատանքի հետևանքով Քարահունջի այգիները սկսել են չորանալ։ «Մարդիկ ստիպված ընտրում են այն ծառերը, որոնք քիչ են ջուր պահանջում, կամ անձրևի հույսով են»,- ասաց նա: Հարցին, թե ջրի պակասի հետ կապված երբևէ դիմել են պատկան մարմինների, համայնքապետարանի աշխատակիցն արձագանքեց. «Փորձել ենք խոսել՝ ինչու ջուր չի հասնում, արձագանքը եղել է այն, որ ընկերությունից առաջարկել են այգին գյուղացուց գնել և սեփականաշնորհել, ուղղակի կոպեկներով»,- ասաց Արուս Հայրապետյանը:
Քարահունջի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Արման Մկրտչյանն էլ նշեց, որ «Քարահունջ» ՓՀԷԿ-ի աշխատանքի հետևանքով Վարարակն գետում գրեթե չկա ջուր։
Քարահունջի բնակիչների խոսքով՝ ՓՀԷԿ-ի խողովակաշարերն անցնում են իրենց հողամասերով, բայց դրա համար որևէ փոխհատուցում չի տրվել:

Գյուղի որոշ թաղամասերի տեղադիրքն  այնպիսին է, որ ոռոգման ջուրն այնտեղ առհասարակ չի հասնում. «Շատ այգիներ խմելու ջրով են ոռոգվում: Եթե ոռոգման հարցը լուծվի, խմելու ջուրն այդ նպատակով չի օգտագործվի»,- նշեցին նրանք:

Մեկ այլ խնդիր է գյուղում կոյուղու բացակայության պատճառով կոյուղաջրերի գետ լցվելը, հետո դրանով ոռոգում անելը: Բացի այդ, գետն աղտոտվում է նաև կենցաղային աղբով: Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետիսյանի կարծիքով՝ խնդիրը կարող է լուծվել մաքրման կայան կառուցելու պարագայում:
Ոռոգման ջրից բացի գյուղը խմելու ջրի խնդիր ունի. «Ներտնտեսային ցանցի վերակառուցման, խմելու ջրագծերի փոփոխման կարիք կա»,- ասաց Լուսինե Ավետիսյանը:

Գյուղատնտեսական խնդիրների մասին խոսելիս՝ բնակավայրի ղեկավարը նշեց, որ արոտավայրերը 44-օրյա պատերազմից հետո կրճատվել են, ինչի պատճառով անասնագլխաքանակը նվազել է: «Մյուս կողմից արոտների դեգրադացիայի խնդիր ունենք՝ քարահավաք, պարարտացում չի արվում, որ գոնե եղած արոտները պահպանվեն»,- նշեց նա:
Քարահունջի սողանքի մասին

Քարահունջի վարչական ղեկավարը բարձրաձայնեց գյուղի մեկ այլ կարևոր բնապահապանական խնդրի՝ սողանքի մասին: «1970-ական թվականներից այս խնդիրը կա և լուծում չի ստանում: Սողանքն ակտիվանում է, վնասում է հողամասեր, տնամերձեր: Որոշ բնակիչներ սողանքի գոտուց տեղափոխվել են այլ տեղ բնակվելու»,- ասաց նա: Ըստ նրա՝ ծառատունկը կարող է մեղմել սողանքի հետագա ազդեցությունը:

Քարահունջի զարգացման հեռանկարները

Քարահունջն այս բոլոր խնդիրներին զուգահեռ զարգացման մեծ պոտենցիալ ունի, որն, ըստ տեղի բնակիչների, պատմամաշակութային հուշարձանների առկայությունն ու թթի օղու համբավն է:

Գյուղում և շրջակայքում պահպանվել են այրեր-բնակարաններ, ամրոց (9-րդ դար), գյուղատեղիներ (Լալքար, Գոմեր, 5-18դդ.), եկեղեցի (Սբ.Հռիփսիմե, 1676թ.), մատուռ (Հազարափրկիչ, միջնադար): Գյուղի հարակից ժայռերի մեջ գտնվող հին քարանձավներում ժամանակին կինոդիտումներ կազմակերպելու ծրագիր է եղել, սակայն գաղափարն այդպես էլ կյանքի չի կոչվել: Քարահունջում զբոսաշրջության զարգացման խթան կարող է հանդիսանալ ամենամյա անցկացվող թթի փառատոնը: «Քարահունջ համայնքն ունի շատ գեղեցիկ բնություն։ Այն հատկապես առանձնանում է թթի աճեցմամբ և օղու արտադրությամբ։ Զբոսաշրջիկներին դրանով ենք գրավում: Երբ տեղի է ունենում թթի ամենամյա փառատոն, ժամանակ առ ժամանակ առկա աղբի խնդիրը ևս լուծվում է։ Գետի ափին է փառատոնը կազմակերպվում»,- նշեց Քարահունջի բնակիչ Անի Սարգսյանը:
Դպրոցի ուսուցիչ Արման Մկրտչյանն էլ նշեց, որ թթի օղուց բացի հայտնի են նաև Քարահունջի լոբին ու կարտոֆիլը։ «Սրանք մեր բրենդներն են: Քարահունջի թթի օղու համբավն ամբողջ աշխարհում է»,- նշեց նա: Լուսինե Ավետիսյանը սակայն նկատեց, որ այս մթերքների իրացման խնդիր կա:

Գյուղատնտեսությունից զատ այլ ճյուղերի զարգացման մասին խոսելիս՝ Արման Մկրտչյանը նշեց փոքր բիզնես-ծրագրեր ստեղծելու գաղափարի մասին. «Կանանց համար զբաղվածության կենտրոններ, կարի արտադրամաս է պետք հիմնել: Պետք է մշակել ռազմավարություն, հատուկ ծրագրեր, որպեսզի կարողանանք ապրել, աշխատել ու արարել մեր տարածաշրջանում: Մարդկային ռեսուրսներ ևս ունենք: Լավ շրջանավարտներ ունենք, սակայն նրանց մեծ մասը գնում են քաղաք և այլևս հետ չեն գալիս համայնք։ Պետք է մշակվի քաղաքականություն սրա դեմ պայքարելու համար։ Պետք է ստեղծվեն պայմաններ, զբաղվածություն, աշխատանք, որպեսզի մեր շրջանավարտները կրկին հետ վերադառնան, որպեսզի բնակչության արտահոսք չլինի»,- ասաց նա:
Քարահունջի բնակիչ Սյուզաննա Ավագյանն էլ նշեց, որ գյուղում կամ համայնքում գործարանի առկայությունը կնպաստի թթի օղու արտադրության ավելացմանը:  «Եթե լինի գործարան կամ թութը հանձնելու տեղ, մարդիկ կկարողանան իրենց արտադրանքը իրացնել»,- ասաց նա՝ հավելելով, որ չրանոցներ նույնպես կարող են ստեղծել: «Տուրիզմի համար պետք է հյուրատներ կառուցեն, բայց սահմանազատման հետևանքով տուրիզմի զարգացումն էլ է հետին պլան ընկնում: Մինչդեռ մարդիկ իրենց հավի ձուն, մեղրը, կովի կաթը, իրենց մթերքները կտային հյուրանոցին»,- ասաց նա:

Վերիշեն

Վերիշենում սուր է խմելու ջրի խնդիրը: Խմելու ջուրն այստեղ ոչ միայն չի բավականացնում, այլև որակապես շատ վատն է: Հայաստանի գրողների միության Սյունիքի բաժանմունքի նախագահ Մինաս Սահակյանը ենթադրում է, որ խմելու ջուրն անորակ է, քանի որ գալիս է ճահճուտներից:
Վերիշենի բնակիչները նշեցին, որ ջուրը չի ֆիլտրացվում, ներքին ցանցն էլ վերանորոգման կարիք ունի. «Ջուրը շատ կեղտոտ է, անմխիթար վիճակում է: Մեր կապտաժները շատ կեղտոտ են, եթե մեկ բաժակ ջուր ուզես, մեջը կեղտ է, հատկապես՝ անձրևից հետո: Մենք ջուրը եռացնում ենք, նոր խմում»,- ասացին բնակիչները: Հարցին, թե երբևէ սանիտարական տեսչությունից եկել են՝ արձագանքեցին. «Եկել են, նայել, բայց ոչ մի բան չեն արել»։ ԷկոԼուրի դիտարկմանը, թե Գորիս համայնքի պաշտոնական փաստաթղթերում առկա է տեղեկատվություն Վերիշենում 2020թ. 90 միլիոն դրամ արժեքով կապտաժի և ջրագծի կառուցման ծրագիր իրականացնելու վերաբերյալ, տեղի բնակիչները նշեցին, որ այդ ծրագիրն անավարտ է մնացել պատերազմի հետևանքով: «Ահագին գործ են արել, խողովակներ էին փոխում, բայց պատերազմից հետո կիսատ է մնացել»,- պատմեցին բնակիչները:


Խնձորեսկ

Գորիսի Խնձորեսկ գյուղը նույնպես ջրի խնդիր ունի: Գյուղի բնակիչ Հասմիկ Մանվելյանը նշեց, որ խմելու ջուրն օրվա ընթացքում տրվում է ընդամենը մի քանի ժամով, այն էլ՝ կեղտոտ։ «Խնձորեսկում ջուրը տրվում է օրվա ընթացքում մեկ ժամ, գոնե այդ մեկ ժամը մաքուր լինի, օգտագործման համար պիտանի լինի», - ասաց նա: Ըստ բնակչի՝ հաճախ են դիմել ՏԻՄ ներկայացուցիչներին, վերջիններն էլ փորձել են խնդրին լուծում տալ,  սակայն՝ ապարդյուն։
«Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը բնակիչների հետ հանդիպման ժամանակ  հայտնեց, որ գյուղերի զարգացմանը կնպաստի նաև  գյուղերի տարածքում գործունեություն իրականացնող և բնական ռեսուրսներն օգտագործող կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչի արդյունքում հնարավոր կլինի սոցիալական և բնապահպանական  խնդիրների լուծման համար աջակցություն ստանալ այդ կազմակերպություններից։ Նա նաև նշեց, որ այդ առումով հարկավոր է առանձնացնել «Քոնթուր Գլոբալ հիդրոկասկադի» ՓԲԸ-ին, որը Սիսիան և Գորիս համայնքներում կատարում է որոշակի ֆինանսական և ոչ ֆինանսական ներդրումներ՝ իրականացնելով սոցիալական, մշակութային և բնապահպանական մի շարք  ծրագրեր:
«Որոտան գետից 64 անգամ ավելի շատ ջրառ է իրականցվում հիդրոկասկադի և փոքր հիդրոկայանների շահագործման համար, քան այն ծավալը, որն իրականցվում է համայնքի ոռոգման համակարգերի սպասարկման համար: Լինելով լեռնային շրջան՝ մշակովի հողաբույսերի ցանքսատարածքները գտնվում են ջրային ռեսուրսներից ավելի բարձր, և բնականաբար դրանց ոռոգման ապահովումը պահանջում է պոմպակայանների սպասարկման լրացուցիչ ծախսեր: Այդ բոլոր խնդիրները համատեղելով՝ կարելի է հասնել նրան, որ ընկերությունները կորպորատիվ սոցիալական համաձայնագրեր կնքեն համայնքի հետ որոշակի օժանդակություն ցուցաբերելու համար»,- ասաց փորձագետը:

Ըստ Ռոզա Ջուլհակյանի՝ առկա է նաև օրենսդրական բաց, ինչի պատճառով համայնքի վարչական տարածքում առկա բնական ռեսուրսների օգտագործման դիմաց համայնքը իրավասու չէ այդ ընկերություններից պահանջելու որևէ հատուցում: «Խնդիրն այն է, որ հիդրոէներգետիկ նպատակով օգտագործվող ջրառի համար համապատասխան օրենքով նրանց վարձավճարի դրույքը  սահմանված է 0 դրամ այն պատճառաբանությամբ, որ ջուրը վերցվում, ապա առանց որևէ քանակական և որակական  փոփոխության  վերադարձվում է ջրային համակարգ: Այս  դեպքում սակայն հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ խողովակշարի ամբողջ երկարությամբ և հարակից  տարածքներում առաջանում է ջրի պակասուրդ, ինչը հանգեցնում է որոշակի բնապահպանական խնդիրների, խախտում է էկոհամակարգը, փոխում է ֆաունան և ֆլորան»,- նշեց նա: Ռոզա Ջուլհակյանը նշեց, որ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում անհրաժեշտ է ավելացնել բնօգտագործման հարկերի մասին դրույթը. «Դա հետագայում կարող է օգտագործվել ոռոգման ջրագծերի համակարգերի վերականգնման համար»,- նշեց նա: 

Աղբյուր՝ ԷկոԼուր

1

facebook sharing button facebook