Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

CVmedia
Թարմ լուրեր
02/5/2022
share

«Տեղեկատվական պատերազմներ. Հայաստանը ապատեղեկատվության եւ կեղծ լուրերի կիզակետում» թեմայով քննարկում Ալավերդիում (տեսանյութ)

Ապրիլի 30-ին Ալավերդու համայնքապետարանում տեղի ունեցավ հանրային քննարկում «Ապատեղեկատվական արշավներ. կեղծ պատմույթները, դրանց տարածման մեխանիզմներն ու թիրախները» թեմայով, որը կազմակերպել էր Civil Youth Center/Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոնը՝ Freedom House-ի կողմից ֆինանսավորվող  “Together to counter disinformation” ծրագրի շրջանակներում:
Ծրագիրն ուղղված է երիտասարդների մեդիագրագիտության բարելավմանը, ապատեղեկատվությանը դիմակայելու կարողությունների, մարզաբնակների մեդիագրագիտության և քննադատական մտածողության զարգացմանը։ Այն իրականացվում է Լոռու, Տավուշի,  Շիրակի մարզերում։
Քննարկմանը մասնակցում էին տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, երիտասարդներ և թեմայով հետաքրքրված մարդիկ։  Հանդիպման մասնակիցների հետ քննարկվեցին սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվական հոսքերին ճիշտ տիրապետելու, լուրերը վերլուծելու, ստուգելու մեթոդները, գործիքները։ Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի հիմնադիր նախագահ Արփինե Երիցյանի խոսքով, մարզերում կա բավականին մեծ հետաքրքրություն այս թեմայի նկատմամբ։ «Մեր հանդիպումները ցույց են տալիս, որ մարդկանց մտահոգում է այս թեման, կարևորը՝ հանդիպումների ընթացքում հնչած տեսակետները ևս մեկ անգամ ապացուցում են, որ մեր հասարակությունը մեդիագրագիտության բարելավման հետ կապված լուրջ խնդիր ունի»,- ասում է նա։
Բանախոսները կիսվեցին իրենց փորձով, խոսեցին ապատեղեկատվության դեմ  պայքարի կարևորության մասին, և թե ինչպես են փաստերի ստուգում իրականացնում։
CivilNet.am լրատվական կայքի  փաստերի ստուգման բաժնի լրագրող Անի Գրիգորյանն ասում է, որ մարդիկ չգիտեն ինչ աղբյուրների հետևել ճիշտ ինֆորմացիա ստանալու համար։ Դրա համար նման հանդիպումների ժամանակ կիսվում են իրենց  փորձով, մատնանշում, թե ինչի վրա ուշադրություն դարձնեն լուրը կարդալիս։
«Առաջնայինը պետք է տեսնեն՝ ով է գրել, որտեղ են կարդում, այդյո՞ք այդ հեռուստաընկերությունը կամ կայքը, որտեղ կարդում են, ունի ինչ-որ կողմնակալություն թե՝ ոչ․ սրանք այն հիմնական մեթոդներն են, որոնց հետևելով կարող են ինչ-որ չափով զերծ մնալ ապատեղեկատվությունից։ Մենք փորձում ենք գտնել բոլոր ապատեղեկատվությունները կամ մոլորեցնող նյութերը ու դրանց մասին գրել, որպեսզի հանրությունը տեղյակ լինի»։  
«Իրազեկ քաղաքացիների միավորման»  խմբագիր Վահե Ղուկասյանի խոսքով ապատեղեկատվության դեմ պայքարը տարբեր ձևերով է իրականացվում։ Շեշտում է՝  «Պետք է քննադատաբար մոտենալ ստացվող տեղեկատվությանը, այսինքն՝ ևս մեկ անգամ ստուգել»։
Լրագրող Տաթևիկ Ճուղուրյանն ասում է, որ մասնագետները նույնպես կարող են ապատեղեկատվության զոհ դառնալ․ «Այսօր մեզ շատ հաճախ մատուցվում է տեղեկատվություն, որը չես կարողանում ճշմարտությունից տարբերել և կարևոր է մասնակցել նման քննարկումներին և սուտը ճշտից տարբերելու գործիքներին տիրապետել»։
Մասնակիցներն նշում են, որ ապատեղեկատվության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությունները կարևոր են և կնպաստեն երիտասարդների քննադատական մտածելակերպի զարգացմանը։

cvmedia.am

facebook sharing button facebook