Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
03/6/2022
share

Վտանգված էկոհամակարգ (տեսանյութ)

Ըստ պաշտոնական տվյալների ՀՀ-ում անտառային տարածքը կազմում է 11,2 տոկոս։ Բնակչության մեկ շնչին բաժին հասնող անտառածածկը կազմում է ընդամենը 0,1 հա։  Հայաստանի անտառներն ունեն սահմանափակ տարածք, որը պայմանավորված է  Հայաստանի աշխարհագրական դիրքով, բնակլիմայական պայմաններով, մարդու ազդեցությամբ և այլ գործոններով։ Հայաստանի անտառներն անհավասար բաշխվածություն ունեն, 62 տոկոսը Տավուշի, Լոռու մարզերում են, 30 տոկոսը՝ Սյունիքում, 2 տոկոսն է, որ երկրի կենտրոնական հատվածում է։
Անտառի դերը անգնահատելի է, այն կլիմայակարգավորիչ է, ունի ջրապաշտպան և հողապաշտպան նշանակություն։ Հայաստանը վավերացրել է Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիան, որով ստանձնել է պարտավորություն մինչև 2050 թվականը անտառածածկ տարածքները հասցնել 21 տոկոսի։
Անտառների վրա բացասական ազդեցություն ունի հանքարդյունահանությունը։ Հայաստանում հիմնականում շահագործվում են բաց հանքեր, ինչի արդյունքում ամբողջ լանդշաֆտը, միջավայրը փոխվում է և մեծ քանակությամբ անտառներ են հատվում։ ՀէԿ-երի կառուցումը նույնպես բացասաբար է անդրադառնում։
«Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն Նազելի Վարդանյանի խոսքով, պետք է ձգտել անտառային տարածքները ավելացնել և վերականգնել։
 «Այն տարածքներում, որտեղ անտառը հատվել է, մենք ունենք ջրերի կորուստ, աղբյուրների ցամաքում, որովհետև հիմնականում անտառի վերին շերտերում են գտնվում աղբյուրները, երբ որ հատվում է անտառը, գոլորշացումը ավելանում է և այդ աղբյուրները արագ ցամաքում են», -ասում է «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն Նազելի Վարդանյանը։ Հավելում,-«Մենք անապատներ չունենք, բայց մեր երկրի վերջին զեկույցում այդ կոնվենցիայի շրջանակներում նշված է, որ ՀՀ-ի ամբողջ տարածքի 80 տոկոսը ենթակա է անապատացման, այսինքն՝ սողանքային վտանգավորություն կա, ջրի կորստի վտանգ և դա հիմնականում անտառահատումների հետևանքով է տեղի ունենում»։
ՀՀ-ը վավերացրել է անապատացման դեմ պայքարի կոնվենցիան։ Անապատացման հիմնական պատճառներն են հանքարդյունաբերական գործունեությունը, ապօրինի ծառահատումները, նաև որպես վառելիք փայտանյութի օգտագործումը։  
Հայաստանի անտառները պետական սեփականություն են։ Անտառային հողերից 74,8 տոկոսը գտնվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրինության ներքո, վերջինս ՀՀ-ում ապահովում է պետական անտառների պահպանությունը, պաշտպանությունը, վերարտադրությունը, օգտագործումը, հաշվառումը, գույքագրումը, անտառային կադաստրի վարումը, անտառների արտադրողականության և անտառային հողերի բերրիության բարձրացումը, անտառային պաշարների կայուն օգտագործումը, ինչպես նաև իրականացնում է ձեռնարկատիրական տարբեր տեսակների գործունեություն։
 «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի ավագ անտառապետ Արտեմ Անթանեսյանը ասում է, որ հատվում են այն ծառերը, որոնք ենթակա են սանիտարական հատման։
Ըստ անտառային կոմիտեի տվյալների՝ 2022 թվականի ապրիլի 1-ի դրությամբ, նախորդ տարվա համեմատ ապօրինի ծառահատումների ցուցանիշում նվազման միտում է նկատվում։
Խոսելով անտառահատումների վիճակագրության մասին, «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահպանության գծով տնօրենի տեղակալ Արտուշ Ջավախյանը ասում է, որ անտառհատումները բավականին քչացել են։
Բնության մեջ ամեն ինչ փոխկապակցված է և անտառի հատման արդյունքում կորցնում ենք և՛ ջուրը, և՛ կենդանական աշխարհը, և՛ կենսաբազմազանությունը, ինչն էլ բացասական ազդեցություն է ունենում կլիմայի վրա։

 

cvmedia.am

39

facebook sharing button facebook