Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
18/1/2022
share

Նոր տարում նոր թանկացումներ

  2021 թ․ Հայաստանում նկատելիորեն բարձրացան սպառողական զամբյուղի բոլոր մթերքների գները։ Եվ ոչ միայն: Հաջորդիվ, «Վիոլիա Ջուր» ՓԲԸ-ը դիմեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ջրի սակագինը վերանայելու համար, ինչի համար հանձնաժողովը տվեց դրական պատասխան։ 2022թ․ հունվարի 1-ից բնակիչ բաժանորդները 1խմ ջրի համար կվճարեն 200,47 ՀՀ դրամ՝ գործող 180-ի փոխարեն, իսկ սոցիալապես անապահով 83 հազ բնակչի համար ջրի սակագինը կմնա անփոփոխ։ Ջրի սակագնի բարձրացման լուրին հաջորդեց էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման լուրը։ 2021 թ․ դեկտեմբերի 29-ին ՀՀ ՀԾԿՀ-ն որոշեց էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել միջինը 4,7 դրամով։ Նոր սակագինը կգործի 2022թ․ փետրվարի 1-ից։ Այսպիսով, 2022թ․ փետրվարի 1-ից ամսական մինչև 200 կՎտժ էլեկտրաէներգիա սպառում ունեցող բաժանորդների համար սակագինը կավելանա 1,5 ՀՀ դրամ/կՎտժ-ով, 200-400 կՎտժ ապառում ունեցողների համար՝ 3․5 ՀՀ դրամ/կՎտժ-ով, մնացած բաժանորդների համար՝ 5․5 ՀՀ դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ)։ Սոցիալապես անապահով խավի համար սակագինը կմնա անփոփոխ։ Այս սակագնի թանկացումը բացատրվում է ատոմակայանի արդիականացման համար վերցված 270 մլն դոլարի վարկի բեռով և «Գազպրոմ» ընկերության նկատմամբ չկատարած պարտավորությամբ։ Խնդիրն այն է, որ 2013 թ․ ՀՀ-ն պարտավորվել էր ապահովել «Գազպրոմին» պատկանող Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգիաբլոկի համար կատարված ներդրումների վերադարձն ու շահութաբերությունը։ Գումարը ոչ միայն չի վերադարձվել, այլև ընկերության վարկային բեռն է ավելացել։ 
  «Այսինքն ստացվում է այնպես, որ հասարակ քաղաքացու վրա է դրվելու կազմակերպության վարկային բեռը»,-էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին Հանրային Հեռուստաընկերությունում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը,- Իսկ երբևէ որևէ կազմակերպություն կամ հենց պետությունը օգնե՞լ է քաղաքացուն մարել իր վարկերը, մեր բնակիչների մեծամասնությունը տարբեր բանկերում վարկառու է։ Ինչու՞ պիտի կազմակերպության վարկային բեռը դրվի քաղաքացու ուսերին, ի՞նչ է կազմակերպությունը չունի համապատասխան մասնագետներ, ովքեր պետք է զբաղվեն նման ռիսկերը գնահատելով և այդ ռիսկերը չեզոքացնելու ռազմավարության մշակմամբ»։
 «Ամեն ինչ թանկացել է ու շարունակում է թանկանալ՝ սննդամթերքը, կոմունալները, վառելիքը, -ասում է տիկին Ալվարդը, -խանութ ես մտնում, գները տեսնում ես, ստիպված ձեռքիդ ցուցակը հնարավորինս կրճատում ես, որ գոնե միմիայն ծայրահեղ անհրաժեշտ մթերքներին գումարը հերիքի»։
  «Ձմռան ամիսներին մեր տուն մտած երկամտի կեսից ավելին գնում էր կոմունալ վճարներին, հիմա ենթադրում եմ, որ այն կավելանա, որովհետև սակագների մի մասը բարձրացել է, մի մասն էլ կբարձրանա,- ասում  է մեկ այլ քաղաքացի,-սնունդը թանկացել է մինչև 20 տոկոս, դա էլ գումարենք, տուն մտած եկամուտի տակ ոչինչ չի մնում»։
  Ջրի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման մասին հայտարարությունները բնակչության մոտ առաջացրեց այն մտավախությունը, որ հիմա էլ գազի սակագնի վերանայման համար ՀՀ ՀԾԿՀ կդիմի «Գազպրոմ Արմենիան»։ ՀՀ ՀԾԿՀ-ն շտապեց հանգստացնել բնակչությանը, հայտարարելով, որ գազի սակագնի վերանայման համար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ չի կարող դիմել ավելի շուտ քան 2022թ․ ապրիլ ամիսը, և եթե դիմի էլ, կդիմի այն պայմանում, եթե բարձրացվի բնական գազի կալորիականությունը։ 
 2022թ․ հունվարի 13-ին բնակչության մտավախությունները, որ հիմա էլ գազի սակագինը կբարձրանա, արդարացան։ ՀՀ ՀԾԿՀ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է սակագինը վերանայելու խնդրով։
  «Մի խոսքով՝ պինդ քաշեք գոտիները, սակայն կա նաև այլընտրանք, ասենք՝ մեր ոչ-ը թանկացումներին։»,- այս կոչով ՀՀ քաղաքացիների Նոր տարին շնորհավորեց իրավապաշտպան, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը ու գնանկման տարի մաղթեց բոլորին։ Բայց իրար հաջորդող իրադարձությունները և հայտարարությունները գնանկման տարի չեն կանխորոշում։
cvmedia.am

facebook sharing button facebook